Օգոստոսի 30-ին «Ռամադա» հյուրանոցում կկայանա ստամոքս-աղիքային համակարգի նորագոյացությունների թեմայով կոնֆերանս։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի, ԵՊԲՀ ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի և ռուսական «Գործակցություն» («Содействие») կազմակերպության համագործակցությամբ և համատեղ ջանքերով կազմակերպված այս միջոցառմանը զեկուցումներով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետները՝ Հայաստանից և Ռուսաստանից, այդ թվում՝ օնկոլոգներ, վիրաբույժներ, ռադիոլոգներ, պաթոլոգներ, պալիատիվ խնամքի մասնագետներ։
Զեկույցները վերաբերում են ստամոքսաաղիքային համակարգի ուռուցքներին, մասնավորապես՝ աղիների, լյարդի, ստամոքսի, լեղուղիների ուռուցքներին։ Ռուս բանախոսները «Ստեպմեդ» և «Մեդսի» կլինիկաներից են։ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցից զեկուցումով հանդես կգա Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը, Էնդոսկոպիայի կլինիկայի ղեկավար Կարեն Մանուկյանը, Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանը, ինտերվենցիոն սրտաբան, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանը, ցավի կառավարման մասնագետ Նարինե Մովսիսյանը և այլ գործընկերներ տարբեր հիվանդանոցներից։
Կոնֆերանսի կազմակերպիչներից համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանը նշում է, որ ստամոքս-աղիքային համակարգի ուռուցքները իրենց տարածվածությամբ աշխարհում գրավում են 2-3-րդ տեղը։ «Դրանց հանդիպման հաճախականությունը, ցավոք, աճում է, և այս պացիենտների վարումը պահանջում է մուլտիդիսցիպլինար մոտեցում։ Մեր կոնֆերանսն էլ մուլտիդիսցիպլինար է, որի շրջանակներում քննարկելու ենք այս նորագոյացությունների ախտորոշման, բուժման ժամանակակից մոտեցումները, վիրահատական արդի մեթոդները։ Մեկօրյա կոնֆերանսը ինտերակտիվ բնույթ է ունենալու, զեկուցումների միջակայքում լինելու են հարցուպատասխաններ»,-ասաց Լիլիթ Հարությունյանը՝ կոչ անելով ուռուցքաբանների, վիրաբույժների, ճառագայթային թերապևտների, ռադիոլոգների, պաթոլոգների, գաստրոէնտերոլոգների անպայման մասնակցել միջոցառմանը։ Մուտքն ազատ է։
Միջոցառման օրակարգի, բանախոսների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ստորև։
.png)